ՍԻՐԻՈՒՍ — Համբարձված Վեհապետների Ուսմունքը

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վարդարանները

Տատյանա Միկուշինայի կողմից Համբարձված Վեհապետների ղեկավարությամբ կազմված Վարդարաններ

Վարդարանների պատմությունը

«Վարդարան» բառը լատիներենում «վարդերի պսակ»-ի իմաստն ունի։

Վարդարանների պատմությունը դարերի խորքից է գալիս։ Անկասկած է, որ ինքը՝ Աստվածամայրն է ոգեկոչել տարբեր մարդկանց, որ նման աղոթքներ կարդան։

Ժամանակի ընթացքում Վարդարանների տեսակները փոխարինել են մեկը մյուսին։ Դրանք անընդհատ ձևափոխվել են և կատարելագործվել։ Հիրավի, Վարդարանները ժողովրդական բարեպաշտության արտահայտությունն են։

Համարվում է, որ Վարդարանի նախատիպը ծագել է Իռլանդիայում, մոտավորապես 800 թվականին1։ Վանականներն օրվա ընթացքում կարդում էին 150 սաղմոս, բայց այն մարդիկ, ովքեր կարդալ չգիտեին, սաղմոսի փոխարեն «Հայր մեր...» էին արտասանում։ Կարդացած աղոթքների քանակը հաշվելու համար հաշվիչ էին օգտագործում (Տերողորմյա – Խ.Մ.)։

Իր ծագման վաղ շրջանում Վարդարանն իր մեջ չի ներառել «Ցնծա, Սուրբ Կույս...» աղոթքը։ Իր տեսքով, որն այժմ հայտնի է մեզ, այն հայտնվել է միայն 16-րդ դարում։ Այդ աղոթքը բարդ պատմություն ունի։ Դրա արմատները Ղուկասի Ավետարանի երկու տեքստերն են՝ հրեշտակային ողջույնը («Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է») և Եղիսաբեթի խոսքը («Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը»)։

Այն բանից հետո, երբ «Ցնծա, Սուրբ Կույս...» աղոթքի նախնական տարբերակն ի հայտ է եկել, 12-րդ դարում որոշ քրիստոնյաներ սկսել են հաշվիչով հաշվել 150 հատ այդ աղոթքից և նույնքան էլ` «Հայր մեր...»։ Աստիճանաբար դրանք սկսել են միահյուսվել։ Սկզբնական շրջանում եղել են Վարդարաններ, որոնք բաղկացած էին լինում 300 աղոթքից (150 զույգ «Հայր մեր...» և «Ցնծա, Սուրբ Կույս...»)։

Աստվածամոր նվիրյալները նրան էին հղում իրենց աղոթքները վարդեպսակի՝ Վարդարանի, նմանողությամբ։ Լեգենդի է վերածվել, որ «Ցնծա, Սուրբ Կույս...» աղոթքը հաշվիչով կարդացող երիտասարդ մի վանականի երևացել է Ինքը՝ Սուրբ Կույսը, և նրա ուսերին գցել լուսաշող վարդերի մի շղթա։ Հավանաբար, հենց այդ ժամանակից սկսած՝ «Հայր մեր...» և «Ցնծա, Սուրբ Կույս...» պարունակող աղոթքային այդ ծեսը «Վարդարան» է անվանվել։

Մոտավորապես 1400 թ-ից սկսած՝ որոշ քրիստոնյաներ արդեն կարդում էին 15 տասնյակ աղոթաշար՝ բաղկացած 15 «Հայր մեր...»-ից և 150 «Ցնծա, Սուրբ Կույս...»-ից։ Այդ Վարդարանում օգտագործվում էր «Ցնծա, Սուրբ Կույս...»-ի նախնական կարճ ձևը, բայց աղոթաշարի ամեն տասնյակի վերջում «Փառք Հորը...»-ը չէին կարդում։

Նույն ժամանակաշրջանում քրիստոնեական աղոթքի մեջ սկսեց տարածում ստանալ մի այլ նորարարություն՝ մտորումներ հավատքային խորհուրդների և Հիսուսի ու Մարիամի կյանքի իրադարձությունների շուրջ։ 15-րդ դարի կեսերին կարտեզյան մի վանական կազմեց 50 խորհուրդից բաղկացած ցանկ, ընդ որում՝ ամեն մի խորհուրդին հետևում էր «Ցնծա, Սուրբ Կույս...» աղոթքը։ Ուրիշների մոտ այլ էին ինչպես խորհուրդների կազմը, այնպես էլ դրանց հետևող աղոթքը։

Իրենց ներկայիս տեսքով խորհրդածությունների տեքստերը վերցվում են Սուրբ գրքից և համապատասխանում են 15 ավանդական խորհուրդների։

Վարդարաններ կարդալու ավանդույթն այժմ առկա է քրիստոնեության կաթոլիկական եկեղեցում և ժամանակի տարբեր հատվածներում քաջալերվել է Հռոմի պապերի կողմից։

Հաշվիչով ընթերցվող Վարդարանի աղոթաշարը երեք աղոթքների հերթագայություն է՝ «Հայր մեր...», «Ցնծա, Սուրբ Կույս...» և «Փառք Հորը...», որոնք պետք է ուղեկցվեն խորհուրդների շուրջ մտորումներով։ Վերջիններս կապված են ավետարանական իրողությունների հետ։ Խորհուրդները հետևյալ երեք տեսակի են՝

Ցնծության, որոնք ծնում են Աստվածային Սիրո շուրջ մտորումներ.

Սգո, որոնք մտորումներ են ծնում Հիսուս Քրիստոսի հայտնության խորհուրդի շուրջ, որն իր ավարտը գտավ խաչելությամբ.

Փառաբանության,

Այսպիսով, մտորումների երեք տեսակներից ամեն մեկը պարունակում է հինգ խորհուրդ։ Համապատասխանաբար՝ ամբողջ Վարդարանը բաղկացած է լինում երեք շրջանից, որոնցից ամեն մեկը մտորումներ ունի իրեն համապատասխանող տեսակի հինգ խորհուրդների շուրջ։

1 Նման նախատիպեր առկա են նաև վաղ և ուշ միջնադարի հայ քնարերգության մեջ (տես՝ Հավելված) — Խ.Մ.

Վարդարանի ընթերցման կարգը

Խաչակնքումից հետո համբուրում են տերողորմյայի խաչը, որից հետո անցնում Վարդարանի սկզբնական աղոթքի ընթերցանությանը։

Ձեռքն են առնում խաչը և կարդում «Առաքելական հավատո հանգանակը»։

Շրջում են առաջին հատիկը (քարը) և կարդում «Հայր մեր...»-ը։

Հաջորդ երեք քարերի հետ կարդում են «Ցնծա, Սուրբ Կույս...»-ը, որից հետո՝ «Փառք Հորը...»։ Դրանով ավարտվում է Վարդարանի մուտքային մասը։

Այնուհետև ազդարարում են խորհուրդի տեսակն ու դրա առաջին խորհուրդը։ Առաջին համեմատաբար մեծ քարը շուռ տալուց կարդում են «Հայր մեր...»-ը, իսկ մնացած 10 փոքր քարերի հետ՝ «Ցնծա, Սուրբ Կույս...»-ը։ Ամեն խորհրդի ավարտին արտասանում են «Փառք Հորը...»:

1 – խաչակնքում, հավատո հանգանակ. 2 - «Հայր մեր...». 3 - «Ցնծա, Սուրբ Կույս...». 4 - «Փառք Հորը...»

Վարդարանի հիմնական աղոթքներն ավարտելուց հետո կարդում են եզրափակիչ աղոթքները։ 2002 թ-ին Հովհաննես Պողոս 2-րդ պապը պատմականորեն գոյություն ունեցող խորհուրդների երեք տեսակներին ավելացրեց (ավելի ճիշտ՝ ոչ-պարտադիր կարգով «հանձնարարեց») ևս մեկը՝ լուսավորը։

Ուղղափառ եկեղեցում Վարդարան կարդալու ավանդույթը բացակայում է։ Սակայն հաշվիչով աղոթք կարդալու նախատիպը հնադավանների մոտ պահպանվել է։ Հաշվիչը կոչվում է լեստովկա՝ ռուսերեն лестница բառից։ Որպես հաշվիչ է ծառայում նաև կաշվից կամ կտորից սարքած ժապավենը, որն ունի 109 հանգույց կամ «աստիճան», որոնք բաժանվում են անհավասար խմբերի։

Լեստովկան օղակ է կազմում, որը խորհրդանշում է ինչպես անդադար աղոթք, այնպես էլ հոգևոր վերելք երկրից դեպի Երկինք։

Գերապատիվ Սերաֆիմ Սարովսկին, որն առանձնահատուկ կապ է ունեցել Աստվածամոր հետ, ավանդաբար պատկերվում է լեստովկան ձեռքին։

2005 թ-ից սկսած, ոգեկոչվելով Սանատ Կումարայի կողմից, ես սկսեցի Վարդարաններ կազմել՝ օգտագործելով աղոթքների հերթագայման կաթոլիկական ձևաչափը։

Տարբերությունն այն է, որ կաթոլիկական խորհուրդների փոխարեն Վեհապետները հանձնարարեցին օգտվել այն թելադրությունների տեքստերից, որոնք տրվում են իմ միջոցով։

«Հավատո հանգանակի» այն տարբերակը, որից օգտվում եմ, տրվել է Սանատ Կումարայի կողմից։ «Հայր մեր...»-ն ու «Ցնծա՛, Սուրբ Կույս...»-ը համապատասխանում են ուղղափառ եկեղեցու աղոթքների խոսքերին։

Ի տարբերություն համատարած ընդունված սկզբնական աղոթքի (Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու)՝ ոգեկոչման թելադրանքով հիշատակում եմ նաև Աստվածամորը։ Արդյունքում այդ աղոթքը հնչում է այսպես.

«Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն»:

Նաև փառաբանության աղոթքում է ավելացված Աստծո Կանացի կամ Մայրական ասպեկտը, ինչը նպատակ ունի վերականգնելու հավասարակշռությունը Աստծո արական ու իգական դրսևորումների միջև.

«Փա՜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն և Աստվածամորը, այժմ և հավիտյանս հավիտենից: Ամեն»:

Ինչպես Վարդարանները կարդալուց, այնպես էլ ցանկացած աղոթքի ընթացքում կարևորն Աստծո Կամքին անմնացորդ նվիրվածությունն է՝ գիտակցության այն աղոթքային վիճակին հասնելը, որը թույլ է տալիս մոռանալու սեփական անձը և ամբողջովին սուզվելու Աստծո մեջ։ Եթե Տերունական առոթքն ու Աստվածամոր աղոթքը խանգարում են ձեր գիտակցությանը, որ կենտրոնանաք առ Աստծված, ապա օգտագործեք աղոթքների այն տարբերակները, որոնք ընդունելի են ձեր գիտակցության համար։

Հիրավի, Վարդարանները ժողովրդական բարեպաշտության վառ վկայություն են, և դրանք շարունակում են զարգանալ։

Տատյանա Միկուշինա

Սանատ Կումարայի խնդրանքը

2005 թ.-ի սեպտեմբերի 20-ի մեդիտացիայի ժամանակ Սանատ Կումարան միտք հղեց ինձ նոր Վարդարան գրելու անհրաժեշտության մասին, որը կազմված լինի ոչ թե Աստվածամոր աղոթքով ընդմիջվող կտակարանային տեքստից (սկզբունք՝ որով կազմված են կաթոլիկական Վարդարանները), այլ՝ որ նոր Վարդարանում զետեղվեն այս տարվա ընթացքում Վեհապետների կողմից տրված թելադրությունների հատվածներ։

Եվ առաջին Վարդարանը պետք է կազմված լինի Սանատ Կումարայի առաջին երեք թելադրություններից։

Հաջորդ օրը, նախքան Վարդարան կազմելուն ձեռնամուխ լինելը, ես հարցրի, թե արդյո՞ք դա պետք է լինի Սանատ Կումարայի Վարդարանը։

Պատասխանն այս էր. «Ո՛չ, դա պետք է լինի Մայր Մարիամի սովորական Վարդարան»:

Ապա ես հարցրի. «Ինչպե՞ս դա կլինի Մայր Մարիամի Վարդարան, եթե դու ես տալիս այն»:

Դրան ի պատասխան՝ Սանատ Կումարան խնդրեց ինձ գրիչ վերցնել և գրի առնել ոչ մեծ մի թելադրություն։

Ստորև բերում եմ այդ թելադրության տեքստը։

Տատյանա Միկուշինա

Սանատ Կումարա
21 սեպտեմբերի, 2005 թիվ

Չնայած այն բանին, որ ես եմ տալիս Վարդարան ստեղծելու միտքը, այնուամենայնիվ մենք չենք հեռանա Վարդարանի ավանդական այն ձևից, որն օգտագործում են շատ քրիստոնյաներ։ Ես պետք է ասեմ, որ որևէ հակասություն չկա իմ և Մայր Մարիամի միջև։ Մենք միասին ծառայում ենք Երկրի մարդկությանը, և անկախ նրանից, թե ձեր Վարդարանների էներգիան ուղղված է Մայր Մարիամին, թե ինձ՝ դա կհասնի այն նպատակին, ինչին նվիրված է Վարդարանի ձեր ընթերցումը։

Ես հիմնադրում, հիմք եմ գցում այդ Վարդարանների միջոցով, և դրանց էներգիայի մի մասը՝ անկախ նպատակից, որին նվիրված է Վարդարանների ձեր ընթերցումը, կուղորդվի ձեր ֆիզիկական օկտավայում մեր նախատեսած պլանների իրականացման համար։

Եվ ինչքան անկեղծորեն դուք իրագործեք Վարդարանների ընթերցման ձեր ծառայությունը, այնքան ավելի արագ մենք կիրականացնենք մեր նպատակները։

Եվ Ոսկե Դարը մուտք կգործի Ռուսաստան, հետո նաև մյուս այն երկրները, որտեղ կգտնվեն բավարար քանակի Քրիստոս-էակներ։

Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ երբ դուք կարդում եք Աստվածամոր աղոթքը, ապա ո՛չ միայն պետք է ձեր գիտակցության մեջ ունենաք Մայր Մարիամի պատկերը, այլ նաև ամեն անգամ դուք ինքնե՛րդ պետք է դառնաք Աստվածամայր և ծնեք Քրիստոս՝ ձեր Քրիստոս-գիտակցությունը։ Փորձեցե՛ք նույնացնել ձեզ Աստվածամոր հետ՝ անկախ այն բանից, տղամա՞րդ եք դուք, թե՞ կին։ Անկախ սեռից՝ դուք բոլորդ մայրեր եք, և բոլորիդ վիճակված է ծնելու Քրիստոս՝ ձեր Քրիստոս-բանականությունը, ձեր Աստվածայնությունը։

Հայր Աստվածը, Մայրը, Որդին և Սուրբ Հոգին ներկա են ձեզնից յուրաքանչյուրի մեջ։

Ես խնդրում եմ մտցնել ձեր առօրյա հոգևոր գործունեության մեջ այն Վարդարանների ընթերցումը, որոնք մենք տալիս ենք մեր Դեսպանորդ Տատյանայի միջոցով։

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:
ԵՍ ԵՄ ձեր Հայրը և ձեր Մայրը Երկնքում

Վարդարանների ընթերցման հանձնարարականներ

Սանատ Կումարա
28 նոյեմբերի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: Ես եկա, որ հանձնարարականներ տամ, որոնք վերաբերում են իմ տված Վարդարանների ընթերցմանը։

Չկան ինչ-որ հատուկ հանձնարարականներ, և չկան ինչ-որ հատուկ պահանջներ՝ կապված այդ Վարդարանների ընթերցման հետ։ Դուք դրանք կարող եք կարդալ բոլորն իրար հետ խառը կամ հաջորդաբար։ Դուք կարող եք առաջին շաբաթում կարդալ առաջին Վարդարանը, երկրորդում՝ երկրորդը և երրորդում՝ երրորդը, որից հետո կարող եք շրջանաձև կրկնել դրանց ընթերցումը։

Ի վերջո, դուք կարող եք ինքնուրույն որոշում կայացնել և հետևել այն հանձնարարականներին, որոնք դուք կստանաք ձեր Բարձրագույն Ես-ից։

Միևնույն ժամանակ կա մի շատ կարևոր պահ, որի մասին ես պետք է ձեզ հիշեցնեմ, և որը դուք երբեք չպետք է մոռանաք։ Եվ այդ հիշեցումը վերաբերում է այն բանին, որ դուք պետք է մշտապես պահպանեք գիտակցության ակնածալից վիճակը Վարդարանների ընթերցման ժամանակ, նմանապես նաև ձեր ցանկացած այլ հոգևոր աշխատանքի ընթացքում։ Աշխատեցեք ձեր մտքերը կենտրոնացած պահել Բարձրագույն Իրականության վրա։ Երբեք մի՛ մոռացեք, որ Վարդարանների ընթերցման պահին հաղորդակցվում եք Աստծո հետ։ Եվ մշտապես պետք է ակնածալից սարսուռ զգաք ու սանձեք ձեր բոլոր մարմնավոր մտքերն ու զգացմունքները։ Եթե տհաճ խոսակցությունից կամ վեճից հետո գտնվում եք գրգռված վիճակում, ապա հետաձգե՛ք Վարդարանի ընթերցումը։ Սկզբում ներդաշնակվեք բնության գրկում զբոսնելով կամ ունկնդրեք հանդարտ երաժշտություն, կամ էլ մտասևեռվեք լռության մեջ։ Բայց երբեք գրգռված կամ որևէ այլ անհավասարակշիռ վիճակում ձեռնամուխ մի՛ եղեք հոգևոր աշխատանքի։

Միշտ հիշեք, որ դուք զարդարում եք ձեր գործողությունները ձե՛ր իսկ ներքին վիճակով։ Եվ երբ անհավասարակշիռ վիճակում գտնվելով սկսում եք ընթերցել Վարդարանները, ապա դուք, փոխանակ էներգիա առաքելու դեպի Բարձրագույն ոլորտներ՝ Աստվածային էներգիան նստեցնում եք ձեր ֆիզիկական աշխարհում և, հետևաբար, նպաստում եք պատրանքների բազմապատկմանը։

Ըստ այդմ, Վարդարանները սկսեք կարդալ միայն գիտակցության ներդաշնակ վիճակում, և որքան անշահախնդիր լինի ձեր ծառայությունը, այնքան ավելի մեծ հոգևոր աշխատանք կկարողանաք իրականացնել։

Այն ամենն, ինչ ուղարկում եք աշխարհին, վերադառնում է ձեզ։ Ուստի տվե՛ք առատորեն՝ չխնայելով ո՛չ ձեզ, ո՛չ էլ Վարդարաններ կարդալու ձեր ժամանակը։ Ամբողջ այն էներգիան, որն անշահախնդրորեն տալիս եք Աստծուն, կվերադառնա ձեզ։ Եվ ամեն ինչ տեղի կունենա լավագույն ձևով։ Աստված սիրում է ձեզ և միշտ ձեզ հնարավորություն է տալիս կյանքում ընթանալու լավագույն Ուղով։

Ես տվեցի ձեզ այն հանձնարարականները, որոնք հարկ էի համարում տալ։ Սակայն ավելի մանրամասն ցուցումներ դուք կարող եք ստանալ ձեր Բարձրագույն Ես-ից։ Բավական է միայն ուզենաք, ձգտում ցուցաբերեք և ունկնդրեք սեփական սրտին։

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան՝
ձեր նկատմամբ Սիրով լեցուն

15 Մեծ Վարդարաններ

Սեղմեք յուրաքանչյուր Վարդարանի վրա՝ բացելու համար։